ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության միասնական թվային տարածքում արդեն կան լոգիստիկայի մի շարք լուծումներ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևն այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների «Նոր ազդակներ Եվրասիական մեծ գործընկերության զարգացման համար։ Գիտատեխնոլոգիական և նորարարական համագործակցություն» միջազգային տնտեսական համաժողովում։
Ինչպես նշել է Սագինտաևը, ԵՏՀ-ն աշխատում է պետական մարմինների, գործարարների և քաղաքացիների միջև փոխգործակցության պարզեցման համար միասնական թվային տարածքի ստեղծման ուղղությամբ: ԵԱՏՄ-ում արդեն ստեղծվել է բազային տեղեկատվական համակարգ, որի հիման վրա հինգ երկրներից յուրաքանչյուրի ոլորտային տեղեկատվական համակարգերը կարելի է միավորել մեկ ընդհանուր համակարգում։
Օրինակ՝ բեռնափոխադրումների ոլորտում իրականացվել է երկաթուղային փոխադրումներում էլեկտրոնային միջազգային ապրանքային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծ, և հիմա որոշվել է այն գործարկել ամբողջ միության շրջանակում։
Նախատեսվում է ստեղծել համակարգ, որի հիման վրա ավտոմոբիլային փոխադրողները տեղեկություններ կստանան միության բոլոր ճանապարհներին եղանակային պայմանների, խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարների մասին:
Պաշտոնյան հիշեցրել է, որ ԵՏՀ-ն երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ ստորագրել է համագործակցության շուրջ հարյուր հուշագիր: Դրանց հիման վրա իրականացվում է առաջադեմ մշակումների փորձի փոխանակում։
Միության ներսում հայտարարվել են արդյունաբերական կոոպերացիայի սուբսիդիաներ։ 2025 թվականին ԵԱՏՄ բյուջեում այդ նպատակի համար նախատեսված է 3,4 մլրդ ռուբլի։
«Մենք վստահ ենք, որ այս մեխանիզմը սահուն կերպով լրացնում է աջակցության ազգային միջոցները և նոր հնարավորություններ է բացում համատեղ նախաձեռնությունների իրականացման, այդ թվում՝ նորարարական համագործակցության համար», – ասել է Սագինտաևը:
Նա նաև հիշեցրել է, որ ՀՆԱ-ի համախառն աճը ԵԱՏՄ-ում 2024 թվականին կազմել է 4,2 %, իսկ փոխադարձ առևտրի մասնաբաժինը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 2024 թվականի արդյունքներով կազմելով գրեթե 100 մլրդ դոլար։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: