Նա մերժում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը. Մանուկյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Արամ Մանուկյանը նշում է, որ դատարկությունը հնարավոր չէ մեկնաբանել ու չարժե նույնիսկ վիճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման վերաբերյալ իր հայտարարությամբ մերժում է ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Ինչպես հայտնել ենք, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նույնիսկ եթե ընդդիմության անդամները «թռնեն վերև, իջնեն ցած, ու քանի դեռ ինքը ՀՀ վարչապետն է, սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է»։ Փաշինյանի խոսքով` շարժումն օգտագործվել է հայկական պետականության կայացմանը խանգարելու համար։
«Մեկնաբանել կարելի է նորմալ կամ վիճելի միտքը, բայց դատարկությունը հնարավոր չէ մեկնաբանել, չարժե նույնիսկ այդ դատարկության հետ վիճել։ Աշխարհը կոնֆլիկտներ լուծելու երկու լեզու ունի` տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։ Ղարաբաղյան շարժումը հիմնված է եղել ինքնորոշման իրավունքի վրա, որն Ադրբեջանն ամբողջությամբ ընդունել է, ամենը փաստաթղթավորված է, նաև պատվիրակություններ են կազմվել ԼՂ–ի հետ բանակցելու համար»,– նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով` այն ժամանակ նույնիսկ Բաքուն էր ընդունում ԼՂ–ի ինքնորոշման հարցը և բանակցությունների էր գնում։ ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը կայացել էր ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, ու բոլոր երկրները դա ընդունում էին։
«Ինքը մերժում է այդ սկզբունքը, մերժում է քաղաքակրթության սկզբունքը։ 3000 տարի այդ հողի վրա ապրող մարդիկ իրավունք ունեին այդ խնդիրները բարձրացնելու, ու Ղարաբաղյան շարժումը հենց այդ հողի վրա է առաջացել։ Ինքը ոչնչացրեց ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը և հիմա էլ հետևողականորեն ոչնչացնում է` մերժելով քաղաքակրության հիմնական արժեքներից մեկը։ Երևի ինքը դրանով է հիմնավորում իր ավերածությունները և իր պատուհաս լինելը: Ինքն իրեն վերջին խուլիգանի նման է պահում»,– ասաց Արամ Մանուկյանը։
ՀՀ երեք նախկին նախագահները չընտրված եռյակ են. Ալեն Սիմոնյան
Նա ընդգծեց, որ Փաշինյանն իր գործողություններով և հայտարարություններով ոչնչացրել է 3000 տարվա քաղաքակրթությունը` իր մշակութային արժեքներով, դպրոցներով, եկեղեցիներով և այլն։
ՀԱԿ փոխնախագահի պնդմամբ` Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին Փաշինյանի հայտարարությունը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ու վնաս հասցնել Հայաստանում։