ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Կիևը պետք է մանրակրկիտ աշխատանք կատարի և օրենսդրության մեջ փոփոխություններ կատարի ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Որքան մենք ենք հասկանում, ամերիկյան կողմը պատրաստում է համապատասխան առաջարկներ և պայմանագրի նախագիծ, բայց մենք ևս պետք է շատ մանրամասն վերլուծենք այն։ Պետք է աշխատեն համապատասխան մասնագետներ՝ տնտեսագետներ ֆինանսիստներ, իրավաբաններ, չէ՞ որ այդ պայմանագիրն արդեն հաստատ կվավերացվի (Ուկրաինայի և ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից. խմբ.)... Ակնհայտ է, որ այն (պայմանագիրը. խմբ.) ուկրաինական մի շարք օրենքների փոփոխություն կպահանջի։ Դա ծանր, քրտնաջան աշխատանք է», - ասել է Ժովկվան «Ուկրինֆորմ» գործակալության հետ զրույցում։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը մարտի 26-ին հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Կիևը մոտ են հազվագյուտ հողային մետաղների ոլորտում համագործակցության ընդլայնված համաձայնագրի ստորագրմանը, փաստաթուղթը կարող է հաստատվել արդեն հաջորդ շաբաթ:
Ավելի վաղ «Financial Times» թերթը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է հասնել Ուկրաինայում կրիտիկական կարևոր ռեսուրսների և էներգաակտիվների հասանելիության նոր պայմանների՝ ընդլայնելով Կիևի նկատմամբ տնտեսական պահանջները։ ԱՄՆ-ն մասնավորապես ցանկանում է, որ իր վերահսկողության տակ անցնեն մի շարք ակտիվներ, այդ թվում՝ Ուկրաինայի ատոմակայանները;
Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Վաշինգտոն: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նախատեց անհարգալից վերաբերմունքի համար, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանեց դեմոկրատական կուսակցության անշնորհակալ քարոզիչ։ Վիճաբանությունից հետո Զելենսկուն խնդրեցին հեռանալ Սպիտակ տնից, և համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց։