Բաքուն դեռ չի պատասխանել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպման առաջարկին. Խանդանյան

Խանդանյանն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանը դեռ չի պատասխանել խորհրդարանական հանձնաժողովների հանդիպման առաջարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Ավելի վաղ Խանդանյանն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների հանդիպում անցկացնել, քանի որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրի խորհրդարանների կողմից։ Առաջարկվել է նաև առաջին հանդիպման վայր դիտարկել Հայաստան–Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։
«Ես առաջարկել եմ ուղարկել։ Դեռևս արձագանք չկա։ Ես հույս ունեմ, որ այն դրական կլինի։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ ու վայր»,– ասաց Խանդանյանը։
Նա հայտնեց, որ հանդես է եկել ոչ միայն հանրային առաջարկով, այլև պաշտոնական նամակ է հղել։