ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. ՆԳՆ ստորաբաժանումները 2025 թվականի առաջին երկու ամիսներին արգելել են ավելի քան 5 հազար օտարերկրացիների մուտքը ՌԴ, ինչը 2 անգամ ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Օտարերկրացիների մուտքը Ռուսաստան չթույլատրելու պատճառներից է հարկերի վճարումից և վարչական տուգանքներից խուսափելը։ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին այս հիմքով ՌԴ մուտք գործել արգելվել է ավելի քան 5 հազար օտարերկրացու, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամիսներին այդ թիվը կազմում էր 2,5 հազար»,-տելեգրամյան ալիքում գրել է Վոլկը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին օտարերկրացիների կողմից իրենց մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու 3 անգամ ավելի շատ փաստեր են հայտնաբերվել, ինչը հիմք է հանդիսացել այդ քաղաքացիների մուտքը ՌԴ տարածք արգելելու մասին հայտեր ներկայացնելու համար։