Պուտինը Իրանի հետ պայմանագրի վավերացման հարցը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը: Դաշնային խորհրդում այդ հարցի քննարկման համար պետության ղեկավարի ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պալատների կողմից Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին», - ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից: Պայմանագրի նպատակն է ընդլայնել տնտեսական համագործակցությունը, մեղմացնել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները, ամրապնդել ռազմական և քաղաքական գործընկերությունը:
Համաձայնագրի նպատակն է առաջիկա 20 տարիներին կարգավորել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները և ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները և մշակույթը:
Պայմանագիրը բաղկացած է 47 հոդվածից, որոնք վերաբերում են տեխնոլոգիաների, տեղեկատվության և կիբեռանվտանգության, խաղաղ միջուկային էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային ոլորտներում համագործակցությանը, ահաբեկչության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին։
ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին