ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՄԱԿ-ը ցավակցում է Ուկրաինայի զինված ուժերի գրոհների ընթացքում ռուս լրագրողների մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Բելգորոդի մարզում մասնագիտական պարտականությունները կատարելիս ռուսական Առաջին ալիքի լրագրող Աննա Պրոկոֆևայի մահվան մասին:
«Մենք ցավակցություն ենք հայտնում լրագրողների ընտանիքներին և գործընկերներին»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ Դյուժարիկը հավելել է, որ առանց համապատասխան մանդատի կազմակերպությունը չի կարողանա հետաքննել հանցագործությունները:
Վերջին շաբաթվա ընթացքում Աննա Պրոկոֆևայի մահն արդեն չորրորդն է։ մարտի 24–ին «Իզվեստիան» հայտնել էր Ուկրաինայի ԶՈւ-ի հրետանային հարվածի հետևանքով հատուկ գործողության անցկացման գոտում իր թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի մահվան մասին: «Զվեզդա» հեռուստաալիքն իր հերթին հայտնել է հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովի և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելիի մահվան մասին, իսկ ավելի ուշ՝ նաև այն մասին, որ ծանր վիրավորվել է «Զվեզդա»-ի թղթակից Նիկիտա Գոլդինը: