ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Կրեմլում սպանություն են անվանել ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս լրագրողների գնդակոծումը, որի հետևանքով նրանցից 3–ը զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել:
«Կրակը թիրախային է եղել, նրանց հատուկ ցանկացել են սպանել»,-լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Կիևի ռեժիմը շարունակում է իր չարագործությունները լրագրողների նկատմամբ, մարդկանց, որոնց ձեռքին զենք չի եղել և չկա։
«Դա Կիևի ռեժիմի էությունն է և ևս մեկ անգամ հաստատում է մեր հատուկ ռազմական գործողության իրավացիությունը», -ասել է Պեսկովը:
Մարտի 24–ին «Իզվեստիան» հայտնել էր Ուկրաինայի ԶՈւ-ի հրետանային հարվածի հետևանքով հատուկ գործողության անցկացման գոտում իր թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի մահվան մասին: «Զվեզդա» հեռուստաալիքն իր հերթին իր Telegram-ալիքում հայտնել է հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովի և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելիի մահվան մասին, իսկ ավելի ուշ՝ նաև այն մասին, որ ծանր վիրավորվել է «Զվեզդա»-ի թղթակից Նիկիտա Գոլդինը:
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ԼԺՀ-ի Միխայլովկա գյուղի գնդակոծության հետևանքով լրագրողների և խաղաղ բնակիչների մահվան փաստի առնչությամբ: ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կրեմենի մունիցիպալ շրջանի հրետանային գնդակոծության հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ ԶԼՄ-ների երեք ներկայացուցիչ: