Մերձավոր Արևելքը պետք է խոչընդոտի ԱՄՆ-ի պլանները. Իրանի ԱԳՆ–ն` ռազմակայանների մասին

Աբբաս Արաղչի
Մերձավոր Արևելքի երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին մեղադրել է Մերձավոր Արևելքի երկրների ռազմակայաններն ու օդային տարածքը տարածաշրջանի ժողովուրդների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար օգտագործելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է Իրաքի արտգործախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի նման գործունեությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար և թույլ չտան իրենց տարածքների ու ռեսուրսների օգտագործումը օտարերկրյա ռազմական ուժերի կողմից՝ մյուս պետություններն ապակայունացնելու համար:
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև այլ սուր հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածի և Լիբանանի տարածքի վրա հարվածների վերսկսումը Իսրայելի կողմից, ինչպես նաև ԱՄՆ-ի ավիահարվածները Եմենի ուղղությամբ:
Մարտի 15-ին ամերիկյան ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Եմենի տարբեր նահանգների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցի Կարմիր և Արաբական ծովերում իսրայելական նավերի վրա հարձակումներիը վերսկսելու մասին՝ ի պատասխան Գազայի հատվածի շրջափակման, որը սկսվել էր մարտի սկզբին: Հարվածներ հասցնելու հրամանը, ըստ հաղորդագրությունների, տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության. Արաղչի
Իսրայելը գրեթե երկու ամիս զինադադարից հետո վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարի երկարաձգման ամերիկյան պլանը չընդունելու և պատանդներին ազատ արձակելուց հրաժարվելու մեջ: Զուգահեռաբար իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, այդ թվում՝ Տիր քաղաքին: Արդյունքում զոհվել է 7 մարդ, մոտ 40-ը վիրավորվել են։ Այդ հարվածները պատասխան են եղել Լիբանանի տարածքից Իսրայելի Մեթուլա քաղաքի ուղղությամբ հինգ հրթիռների արձակմանը։ Հրթիռներից երեքը որսացել Է ՀՕՊ համակարգը, երկուսը պայթել են բաց տարածքում։
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու և կրակի ամբողջական դադարեցման ու Գազայի հատվածից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ: