ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Եթե տարածաշրջանի երկրները ցանկանում են օգտագործել հաղորդակցության և տարանցիկ ուղիները, ապա Իրանը գոհ է, բայց դա պետք է արվի երկրների ազգային ինքնիշխանության և միջազգային ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում։ Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ Ադրբեջանը շարունակում է Սյունիքով ճանապարհ ուզել՝ չհամաձայնելով ուղիների ապաշրջափակման համար հայկական առաջարկներին և շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը։
«Սրանից բացի այլ ուղի ընդունելի չի համարվում»,- շեշտեց Արաղչին։
Նա հիշեցրեց պաշտոնական Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Իրանը դեմ է ցանկացած ռազմական միջամտության՝ տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծելու համար։
«Տարածաշրջանում հաղորդակցության, տարանցիկ ուղիների ձևավորման հարցն ընդունելի է, բայց դա պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային օրենքները»,- ընդգծեց իրանցի նախարարը։
Հիշեցնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում Իրանը բազմիցս հայտարարել Է Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, ինչպես նաև ընդգծել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: