ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանում նախատեսվում է վերականգնել Հայրենական մեծ պատերազմին նվիրված ավելի քան 900 հուշարձան։ Լայնածավալ նախագծի նախաձեռնողներն են «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական ՀԿ–ն և Երևանում «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անմահ գունդն արտերկրում» պատմամշակութային ՀԿ–ի տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը։
«Արդեն թույլտվություն ստացել ենք կառավարությունից։ Այսօրվանից սկսում ենք շինարարների ու ճարտարապետների հետ իրականացնել նախագիծը», – նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով` ամբողջ ծրագիրը նախատեսված է մի քանի տարվա համար։ Որոշ հուշարձաններ ամբողջական վերականգնում են պահանջում, մյուսները՝ բարեկարգման և պատշաճ վիճակի բերելու կարիք ունեն։
Մինչև մայիսի 9-ը նախատեսվում է վերականգնել 4 հուշարձան: Այժմ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների գույքագրում է իրականացվում Այնթափում, Մասիսում և Փարաքարում։ Ճարտարապետները պատրաստում են էսքիզներ, որոնք այնուհետև կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հաստատվելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները: