Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրամն հարցին ասել է, որ չի կարծում, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղի է մտել։ Ըստ Սիմոնյանի՝ ադրբեջանական կողմի համար մի փոքր անսպասելի էր համաձայնագիրը ստորագրելու՝ հայկական կողմի առաջարկը։
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դիվանագիտության ոլորտում Հայաստանը նկատելի հաջողություններ ունի։ «Այն, որ միջազգային քաղաքացիական դիտորդները սահմանին են կանգնած, և դա բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը` հաջողություն չի՞»․-ընդգծել է Սիմոնյանը։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հաջողություն է նաև այն, որ տարբեր երկրներ, իմանալով, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ, մեզ զենք են վաճառում։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Սիմոնյանը հետևյալ կերպ է արձագանքել՝ անընդհատ հո չե՞նք կարող լարվածությունը պահել։