Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկիզբ առած բողոքի ցույցերը չեն հանդարտվում։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ, տուժածների թվում են ինչպես ցուցարարներ, այնպես էլ իրավապահներ։
Ստամբուլի դատախազությունն Իմամօղլուի և ավելի քան 100 անձանց կոռուպցիայի և քրդական կազմակերպությունների հետ համագործակցության մեղադրանքներ է առաջադրել: Իրենց համախոհների ձերբակալությունները Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հեղաշրջման փորձ է որակել։
Ըստ վերլուծաբանների` Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը, այդ պատճառով էլ Էրդողանը փորձում է ձերբազատվել նրանից։
«Այն ինչ տեղի է ունենում այսօր Թուրքիայում՝ վաղօրոք ծրագրված գործընթաց է, ինչին պատրաստվել են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել թուրքագետ Նելլի Մինասյանը։