Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում պնդումները, թե Բաքուն որպես Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պայման պահանջում է դադարեցնել Հայաստանում Եվրոպական առաքելության աշխատանքը: Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի, տվյալ դեպքում՝ Հայաստանում Եվրամիության առաքելության դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելուն։
«Մենք չենք մեկնաբանում երկկողմ բանակցությունները։ Մերը քաղաքացիական առաքելություն է՝ երկու տարվա մանդատով».-Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հույս է հայտնել, որ ապագայում Հայաստանը կկարողանա ճիշտ մոդել գտնել երկրում Եվրամիության դիտորդների հետ աշխատելու համար։
«Դիտորդների առաքելության մանդատը 2 տարով է։ Իհարկե, եթե հետագայում ունենանք առաջընթաց և ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, վավերացնենք, և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, ապա մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանագծով».-նշել է Հովհաննիսյանը։
«Եվրամիության դիտորդները դեստրուկտիվ դեր են կատարում և նրանց ներկայությունը անվտանգության տեսնակյունից գրեթե զրոյական է».-Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։