ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն ուկրաինական կարգավորման հետ կապված դեռ բազմաթիվ ասպեկտներ պետք է մշակեն: Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, ինչը նա որակել է որպես «գործարքի ուրվագծեր»։
«Ըստ ամենայնի` խոսքը խաղաղ կարգավորման ճանապարհով շարժվելու` երկրների ցանկության և պատրաստակամության մասին է. այստեղ իսկապես ընդհանուր ըմբռնում կա: Ինչ վերաբերում է տեխնիկական հարցերին, ապա գիտեք, որ տեխնիկական հարցերի որոշակի մասի շուրջ, թեմաներից մեկի շուրջ այսօր Էր-Ռիադում բանակցություններ են ընթանում մեր և ամերիկյան պատվիրակությունների միջև», – ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ սևծովյան նախաձեռնությունը քննարկելու առաջարկն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է իր համաձայնությունը։
«Հենց այս մանդատով է մեր պատվիրակությունը մեկնել Էր Ռիադ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները մեկնարկել են այսօր Էր Ռիադում: ՌԴ–ն հանդիպմանը ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Ընդ որում, Կրեմլում ավելի վաղ չէին բացառել, որ Էր Ռիադում ընթացող բանակցություններում, բացի սևծովյան նախաձեռնությունից, կարող են քննարկվել նաև ուկրաինական կարգավորմանն առնչվող այլ ասպեկտներ։