ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ռուսական գերատեսչությունը:
«Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հրատապ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որը բարձր գնահատականի է արժանացել Մոսկվայի կողմից։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։