ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կառավարության ղեկավարի տեղակալ, հաստատությունների և ֆինանսների նախարար Իսմայիլ Բարխումի ոչնչացման մասին:
«ՑԱԽԱԼ–ը և Իսրայելի օդուժը Խան Յունիսի շրջանում թիրախային հարված են հասցրել` սպանելով ահաբեկիչ Իսմայիլ Բարխումին, որը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության քաղբյուրոյի հաստատությունների և ֆինանսների նախարարն էր, ինչպես նաև ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության նախկին վարչապետ, անցյալ շաբաթ սպանված Իսամ ալ Դալիսի իրավահաջորդը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զինվորականների տվյալներով՝ Բարխումը վերահսկում էր շարժման ֆինանսական միջոցները՝ «Իսրայելի անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ահաբեկչական գործունեության նպատակով» դրանք ուղղելով ՀԱՄԱՍ-ի մարտական թևին:
Նշվում է, որ Բարխումը սպանվել է «Նասեր» հիվանդանոցի շենքին հասցված հարվածի հետևանքով:
Գրեթե երկու ամիս տևած հրադադարի ռեժիմից հետո Իսրայելը Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները: Իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը մեկնաբանել են հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և իսրայելցի պատանդների ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ի կողմից մերժելու հիմքով։