ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահ քաղաքում, այսօր վնասվել է արկի հարվածից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության հայտարարությունը։
Ավելի վաղ տեղական Ալ Աքսա հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական բանակին պատկանող տանկը գնդակոծել է Գազայի հատվածի Ռաֆահ շրջանում գտնվող Կարմիր Մահիկի շենքը:
«Այսօր արկի հարվածի հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ռաֆահի գրասենյակը, չնայած այն հստակ նշված է եղել և այդ մասին տեղեկացվել է բոլոր կողմերին։ Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, բայց դա ուղղակիորեն ազդում է ԿԽՄԿ-ի աշխատելու հնարավորության վրա: ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է իր տարածքների վրա հարձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը հիշեցնում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը հատուկ պաշտպանություն է ապահովում արտակարգ օգնություն ցուցաբերող մարդասիրական անձնակազմի և բուժանձնակազմի, բժշկական հաստատությունների և այն օբյեկտների համար, որոնք օգտագործվում են մարդասիրական օգնության գործողությունների համար:
Հարվածի համար պատասխանատու կողմ հայտարարության մեջ չի նշվում։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական կողմը հարվածել է ՄԱԿ-ի շենքի վրա, որի ընթացքում մեկ մարդ զոհվել էր, առնվազն հինգը՝ վիրավորվել: ՄԱԿ-ի նախագծերի սպասարկման վարչությունը (UNOPS) ավելի ուշ հաստատել էր Գազայի հատվածում իր աշխատակցի մահը՝ հայտարարելով, որ դա տեղի է ունեցել UNOPS-ի շենքի վրա զինամթերքի ընկնելու հետևանքով:
Գրեթե երկու ամիս տևած զինադադարից հետո Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Իսրայելի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ չի ընդունի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայության պահպանումը: Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելուց և պատերազմի վերջնական դադարեցման ու Գազայի հատվածից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ: