Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել. ՌԳԱ գիտնական

Արևի բռնկում
Արևի բռնկում
Բռնկումը խախտել է խոշոր հրավիժակի՝ սառը պլազմայի խիտ մանրաթելի հավասարակշռությունը, և այն ուղղվել է դեպի Երկիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երկիր մոլորակի ուղղությամբ պլազմայի ամպ է շարժվում: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ ուժեղ մագնիսական փոթորիկներ են սպասվում կիրակի առավոտյան` Մոսկվայի ժամանակով 3:00-ից մինչև 6:00-ն:
Պլազմայի ամպը նետվել է մարտի 21-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 19: 00-ին՝ M1.2 մակարդակի արևային բռնկման արդյունքում: Թեև իրադարձությունը միջին դասի է, սակայն չափումներն արձանագրել են արտանետման բացառիկ բարձր արագություն և զանգված. 2025 թվականին նման պարամետրեր առաջին անգամ են նկատվում:
Գիտնականը պարզաբանել է, որ բռնկումը խախտել է խոշոր հրավիժակի՝ սառը պլազմայի խիտ մանրաթելի հավասարակշռությունը, և այն ուղղվել է դեպի Երկիր։
«Նմանատիպ «կառույցներից» մեկը, որը դեռ մի քանի օր առաջ նկատելի էր Արեգակի տեսանելի կողմում, այլևս չի երևում նկարներում։ Հավանաբար հենց դա է առաջիկա ժամերին հասնելու մեր մոլորակին»,-նշել է Բոգաչովը։
Սպասվում է, որ առաջիկա տատանումների մակարդակը հինգբալանոց սանդղակով կկազմի G3։ Նմանատիպ ուժգնության փոթորիկներ վերջին անգամ նկատվել են հունվարի սկզբին։
Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Երկրի վրա արդեն գրանցվել է G1 մակարդակի թույլ մագնիսական փոթորիկ: Բոգաչովի խոսքով՝ Արևի ակտիվությունը սկսել է աճել դեռևս 2024 թվականի դեկտեմբերի վերջին և 2025 թվականի առաջին ամիսների ընթացքում շարունակում է բարձր մնալ։ Մասնավորապես հունվարի 1-ին գրանցվել է G4 մակարդակի փոթորիկ՝ ամենահզորներից մեկը վերջին ամիսներին։
Փխրուն, խոցելի և գեղեցիկ Երկիր մոլորակը. զարմանահրաշ լուսանկարներ