Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ տարի անց համերգասրահի մոտ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, արարողությանը մասնակցել են Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը, Ագալարովների ընտանիքի ներկայացուցիչները, հասարակական գործիչներ և քաղաքացիներ:
Նրանք մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ահաբեկչության զոհերի հիշատակին։ Հուշարձանի նախագծի հեղինակը «Crocus Group»-ի նախագահ Արազ Ագալարովն է։
«Մեկ տարի առաջ միլիոնավոր մարդիկ դաժանության և բարբարոսության ականատես դարձան։ Այս դահլիճում ընտանիքներ կային, և նրանք բախվեցին հրեշավոր հանցագործության։ Այսօր մենք կրկին ցավակցում և վառ ենք պահում նրանց հիշատակը»,– ասել է նա` ելույթ ունենալով բացման արարողությանը։
Հուշարձանի վրա գրված է. «Ի հիշատակ 2024 թվականի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի»։
Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 145 մարդու կյանք խլեց։ Հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։