ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հրանտ–Լեոն Ռանոսը հեռացվել է հավաքականից։ Թբիլիսիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը կայանալու է վաղը` մարտի 23-ին, Թբիլիսիում։
Սխիպը հայտնեց, որ Ռանոսը պահանջ է դրել` կա՛մ ինքը կխաղա մեկնարկային կազմում, կա՛մ կհեռանա հավաքականից։ Գլխավոր մարզիչը որոշել է հեռացնել նրան ընտրանու կազմից։
«Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Իմ մարզչական կարիերայում նման դեպք չի եղել, որ որևէ ֆուտբոլիստ մոտենա ինձ և այդպիսի առաջարկ անի»,- ասաց հոլանդացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Ռանոսը Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվել էր 2024 թվականի նոյեմբերից։