Երևանը կկանաչի, կունենա ուրբանիստական մեծ անտառ. Բեգոյանը պատմում է առաջիկա ծրագրերի մասին

 Արմեն Բեգոյան
Երևանում այգիներ և պուրակներ կառուցելու ծրագրերն իրականացնելու համար այս տարվա գնումներով տնկանյութեր են ձեռք բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևանում կանաչապատ տարածքները բարելավելու և ավելացնելու համար մոտ ապագայում տարբեր ծրագրեր են իրականացվելու. նախատեսվում է շուրջ 8 հա այգի ու պուրակ ստեղծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նա նշեց, որ այգիներ և պուրակներ կառուցելու բազմաթիվ ծրագրեր կան, այս տարվա գնումներով ձեռք բերված տնկանյութերն արդեն մատակարարվում են կազմակերպությանը։
«Մոտ ապագայում իրականացվելու է Երևան մտնող Աշտարակի խճուղու հատվածում քաղաքային անտառային տնկարկ` մոտ 4,5 հա։ Մեր նպատակն է քաղաքն առնել անտառային գոտիների մեջ։ Այնուհետև Նոր Նորքում` Դավիթ Բեկ փողոցում նույնպես նմանատիպ ծրագիր ենք իրականացնելու մոտ 4 հեկտարի վրա։ Դրա հետ մեկտեղ, բոլոր փողոցներում մշտադալարներով ձևավորման աշխատանքներ են իրականացվելու` սոճիներ, գիհիներ, եղևնիներ։ Դրանք իրենց աշխատանքը նաև ձմռանն են կատարում»,– ասաց Բեգոյանը։
Նա ընդգծեց, որ նախատեսվում է անտառ հիմնել նաև Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող 30 հա տարածքում: Աշխատանքները կավարտվեն դրանց սկսվելու պահից 2 տարվա ընթացքում, այս պահին իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Բեգոյանը խոստացավ, որ սա կդառնա քաղաքի ամենամեծ ուրբանիստական անտառը։
Նրա պնդմամբ` դա կօգնի լուծել օդի աղտոտվածության խնդիրները և զգալիորեն նվազեցնել փոշու կոնցենտրացիան Երևանի կենտրոնում, որն ամբողջ տարվա ընթացքում գերազանցել է սահմանային ցուցանիշը։
Երևանի որոշ փողոցներում թեղիները կկտրեն, սակուրա, օճառածառ և ալբիցիա լենքորանյան կտնկեն