Ռուսաստան–Հայաստան հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել․ Պեսկով

Դմիտրի Պեսկով
Կրեմլում մեկնաբանել են հայկական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Փաշինյանը պետական գերատեսչություններին հանձնարարել է վերականգնել կապերը Ռուսաստանի հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և պատրաստ է ամեն կերպ զարգացնել հարաբերությունները նրա հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ավելի քան բավարարված ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի այսպիսի փոխադարձ վերաբերմունքից։ Պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, և երկու երկրներին շատ բան է միավորում թե՛ երկկողմ իմաստով, թե՛ պատմական, թե՛ մշակութային, թե՛ ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միավորմանը համատեղ մասնակցության առումով:
«ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել»,-ասել է Պեսկովը:
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են ավելացնել ագրոարտադրանքի մատակարարումները
Ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի պետական հիմնարկներին հանձնարարվել է առավելագույնս աշխուժացնել շփումները ռուս գործընկերների հետ՝ մասնակցել նիստերին և գործուղումներին, հանդիպումներ նախաձեռնել և ամեն կերպ կարգավորել հարաբերությունները: