ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը արցախցիների սոցիալական պաշտպանության ծրագիր է առաջարկում։ Այսօր Երևանի Ազատության հրապարակում շարժման հրավիրած հանրահավաքում այն ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նախագծի հեղինակներն առաջարկում են արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ ստեղծել, որտեղ կկենտրոնացվեն բոլոր գումարները, որոնք կտրամադրվեն արցախցիներին իբրև օգնություն։ Առաջարկվում է գումարները երկու նպատակի՝ պարենային ապահովության ու բնակարանային ապահովության համար ծախսել։
Բագրատյանը նաև առաջարկել է ԼՂ պետհիմնարկների նախկինում աշխատակիցներին վճարել իրենց նախկին աշխատավարձի 50 տոկոսը (2023 թվականի հոկտեմբերի 1-ի հաշվարկով) և ընտանեկան նպաստները, ինչպես նաև նրանց տրամադրել անտոկոս հիփոթեքային վարկեր՝ բնակարան գնելու համար։
Առաջարկում է նաև թոշակներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք Արցախում ստացել են թոշակ, ինչպես նաև ապահովել ամսական եկամուտ` ամեն անձին 55.000 դրամի չափով սննդամթերքի ծախսերի համար։ Արցախցիները, որոնք ցանկանում են տուն կառուցել, պետությունը պետք է նրանց տա երկարաժամկետ անտոկոս վարկեր։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):