Կառավարության երեկվա նիստում փոփոխություն է կատարվել 2015թ–ից Հայաստանում գործող կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի մեջ։
Նոր որոշումը նախատեսում է, որ կառուցապատողներին կարգելեն նորակառույց բնակարանները գնորդներին հանձնել առանց նվազագույն ներքին հարդարման։
Գործող կարգով նման պահանջ սահմանված չէ, և գնորդն ինքն է որոշում` բնակարանը գնել նորոգված, թե ինքնուրույն կատարել նորոգման աշխատանքները։
Որոշումն ընդունելով հանդերձ` կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին հանձնարարել է հստակ սահմանել, թե ինչ է նշանակում նվազագույն ներքին հարդարում` արդյոք բնակարանում պետք է լինեն տեղադրված դուռ–պատուհաններ, սվաղած պատեր, ցեմենտապատ հատակ, հոսանքի լարեր, ջեռուցման մարտկոցներ և այլն։ Այս չափանիշները կընդունվեն արդեն առաջիկայում։
Կառավարության ընդունած որոշման նախագծի քննարկմանը մասնակցել է նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն։ Գործադրի նիստում հաստատված որոշման առաջացրած հարցերի պատասխաները ստանալու համար Sputnik Արմենիան դիմել է ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանին։
Նրա խոսքով` ընդունված որոշմամբ կառավարությունը նպատակ է հետապնդում պայքարելու բնակարանների վերանորոգման ստվերային բիզնեսի դեմ։