Մարտի 13-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ իրենց առաջարկի հետ, և այդպիսով պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են։
Ժամեր անց, Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց ադրբեջանական կողմի հայտարարությունը։
Այս հայտարարություններից օրեր անց, Ադրբեջանը իրականությանը չհամապատասխանող 10-ից ավելի հաղորդագրություններ է տարածել, իբր հայկական զինուժը կրակում են Սյունիքի սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ավելի ուշ Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ հանձնարարել է զինված ուժերին չխախտել հրադադարի ռեժիմը։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը ևս 2 հայտարարություն տարածեց, որտեղ պատրաստակամություն էր հայտնում ստորագրել փաստաթուղթը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում էր խորհրդակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Ի պատասխան Ադրբեջանը սպասարկու լրատվամիջոցների հրապարակումների մակարդակով հայտարարում է, թե պայմանագրի ստորագրումն ունի հստակ նախապայմաններ. Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարումը։
Հայ–ադրբեջանական հարաբերությունների հերթական խնդրահարույց հանգրվանը մեկնաբանելով` քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը, տեսնելով, որ հայկական կողմը ընդունել է իրենց պահանջները, սկսեց առաջ քաշել նոր պահանջներ։