ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին լուրերի ֆոնին վերջին օրերին, ցավոք, հաճախակի են դարձել սահմանային լարվածության մասին հաղորդագրությունները»,- ասել է նա:
Զախարովան նշել է` ռուսական կողմը գործընկերներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել։
Դիվանագետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման հետ կապված հարցին՝ նշելով, որ դա չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, իսկ լիարժեք աշխատանքի վերադառնալը ժամանակ կպահանջի:
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կազմակերպության շրջանակում Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները։
«Բոլորն ուժի մեջ են, բոլորը շատ լավ գիտեն դա»,– ընդգծել է նա:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։ Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր արդեն 12 անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։