Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով
Պեսկովն ասել է, որ Ստամբուլի քաղաքապետի Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերը չեն կարող առիթ հանդիսանալ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հրավեր կա, և ՌԴ նախագահը երախտագիտությամբ ընդունել է այն: Սակայն այցի ժամկետները դեռ չեն համաձայնեցվել դիվանագիտական խողովակներով»,– ասել է նա լրագրողներին:
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերը չեն կարող առիթ հանդիսանալ Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի համար:
«Ոչ, դա չի կարող և չի լինի հեռախոսազրույցի առիթ։ Դա Թուրքիայի ինքնիշխան գործն է», – նշել է նա։
Հիշեցնենք` մարտի 19-ին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:
Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը:
Այս իրադարձությունների ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10%-ով՝ առաջին անգամ գերազանցելով 41 լիրայի նշագիծը։ Ստամբուլի BIST 100 բորսայի հիմնական ցուցիչը առուվաճառքի բացման ժամանակ նվազել է 6,87%-ով։