ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան և արդեն հանդիպում է ունեցել հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ:
Կոբախիձեն X-ում հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցեր:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այսօրվա հանդիպումը երկկողմ համագործակցության խորացման գործում կարևոր է:
«Մեր համագործակցության ուժեղ և դրական դինամիկան, որն ամրապնդվում է մարզական և մշակութային կապերով, հաստատում է մեր ժողովուրդների միջև խորը հարաբերությունները», - նշել է Կոբախիձեն:
Նշվում է, որ երկու երկրների վարչապետներն այսօր ներկա կգտնվեն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև անցումային հանդիպմանը: Այն կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը սկսվելու է ժամը 21։00-ին։