Իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական հաղորդագրությունը

Здание Министерство обороны Армении
Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր արդեն 12 անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը