ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Այսօր Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ խորհրդակցությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանը պահանջված է համարում Եվրասիական ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի հետ գործընկերության շարունակական խորացումը, այդ թվում՝ հաշվի առնելով միջազգային իրադրության արմատական վերափոխումները:
Հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում և դրա զարգացման հեռանկարները, Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Անդրադարձ է արվել նա տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափով տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: