Աղվան Հովսեփյանի և Անդրանիկ Փիլոյանի գործերով դատախազը բարձր պաշտոնի է ձգտում. «Հրապարակ»

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է պետ և տեղակալ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքները դատարանում պաշտպանող դատախազ Կորյուն Սերոբյանը հավակնում է բարձր պաշտոնի։ Գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է` պետ և պետի տեղակալ չունի։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել, հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։
«Թերթին գլխավոր դատախազությունից ասել են, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը»,– գրում է թերթը։
Սերոբյանն իր նախկին գործընկեր` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել, իսկ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է:
Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։ 2022–ի օգոստոսի 15–ին Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխվել է գրավով, նա ազատության մեջ է։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Իսկ Անդրանիկ Փիլոյանն էլ մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Նա 2022 թվականի մարտի 31-ին կալանավորվել էր, ապա հոկտեմբերին ազատ էր արձակվել 15 մլն գրավի դիմաց։
2024 թվականի հոկտեմբերին Փիլոյանին դատապարտեցին ազատազրկման։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։ Նա 3 տարի ժամկետով զրկվել է որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։