Մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան բողոքի ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի առջև՝ պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն ընդունել են փաստաբան Ռոման Երիցյանին, Տիգրան Ուլուբաբյանին և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո փաստաբան Ռոման Երիցյանը մանրամասնել է, թե ինչ են պատասխանել իրենց։
«Քննչական կոմիտեում դեռևս տեղյակ չեն, թե ովքեր են այն 6 ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրան Ուլուբաբյանին։ Մեր հարցին, արդյոք որևէ մեկին պատրաստվում են ձերբակալել` կրկին պատասխանը բացասական էր ու նման գործողություն մոտ ապագայում չի նախատեսվում։ ՔԿ-ն ուղղակի առաջարկում է լրացուցիչ հարցաքննություն կազմակերպել, այն դեպքում, որ դատավարական տեսանկյունից դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Տիգրան Ուլուբաբյանը կարող է մատնացույց անել բոլոր ոստիկաններին, որոնք իրեն խոշտանգել են, որպեսզի նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվի, ձերբակալեն, պաշտոնավարումն էլ կասեցվի։ ՔԿ-ն մեր այս մոտեցումը չկիսեց»․-հայտարարել է փաստաբանը։