ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բողոքի ակցիաների գործով մեղադրյալներ դեռ չկան, այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումների հիման վրա ՔԿ Սյունիքի մարզային վարչությունում հարուցվել է 3 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով («Ինքնիրավչություն»), որոնք միացվել են մեկում։
«Նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, այս փուլում որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի նախաձեռնվել»,-հայտնել են ՔԿ-ից:
Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը չէր պատասխանել կոմբինատում բողոքի ցույցերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը՝ վկայակոչելով ՔԿ վարույթում քննվող քրեական գործը։
Աշխատավարձերի բարձրացման պահանջով աշխատակիցների գործադուլը սկսվել էր փետրվարի սկզբին և շարունակվել շուրջ 10 օր: Ձեռնարկության ղեկավարության տվյալներով՝ դրան մասնակցել է 4600 աշխատողներից մոտ 200-ը։ Փետրվարի 11-ին ղեկավարությունը հայտարարել է, որ կոմբինատը վերսկսել է աշխատանքը։
Անդրադառնալով ակցիային՝ կոմբինատից մասնավորապես նշել են, որ ցուցարարների մի մասը ընկերության աշխատակիցն չեն, հաստիքացուցակում գրանցված չեն և նույնիսկ չեն բնակվում Քաջարանում կամ Կապանում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունն է և հարկատուն: 2024 թվականին ընկերությունը բյուջե է վճարել ավելի քան 100 մլրդ դրամ (256 մլն դոլար)։