ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Սպիտակ քաղաքում 17-ամյա երիտասարդին սպանել են ուրիշի կնոջը «երկար նայելու պատճառով»։ ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել նախօրեին Սպիտակի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։
Նշվում է, որ մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Իրավապահները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ։ Այդ ժամանակ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է։
Կարճ ժամանակ անց երեք երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Սպիտակի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Պարզվել է, որ վեճի պատճառը եղել է այն, որ 17-ամյա երիտասարդն իբրև թե երկար է նայել 20-ամյա երիտասարդի կնոջ ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։