ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում ուզում են դրսից մարդ նշանակել, ինչը դատախազների շրջանում խռովությունների պատճառ է դարձել։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ հիշեցնելով, որ վարչությունն արդեն 2 ամիս է՝ պետ չունի․ նախկին պետ Սիրո Ամիրխանյանը նշանակվել էր գլխավոր հարկադիր կատարող։ Թերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում ազատումներ լինեն դատախազությունից:
«Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» ակցիաների կոնտենտը ապահովելու համար, իրավապահ համակարգը ծառայեցնում է ապօրինի ծագման գույքի վերադարձի շոու ծրագրին, ինչին արդեն «ներսում» սկսել են դիմադրել դատախազները։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում էլ այս նույն վարչությունից աշխատանքից ազատման դիմում գրեց դատախազ Գևորգ Քոչարյանը, ով օրերս նշանակվեց ՀՀ արդարադատության փոխնախարար»,- գրում է թերթը։
Դատախազությունից հայտնել են՝ 2025 թվականի փետրվարի 27-ին դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է բաց մրցույթ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և պետի տեղակալի հաստիքների համար»։ Մրցույթի արդյունքների հիման վրա էլ տեղի կունենա նշանակումը։