ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևան քաղաքի բյուջեից 2024 թվականի ծրագրերի համար ծախսվել է ավելի քան 113 միլիարդ դրամ։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ նիստում ներկայացվեց Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։
«Ընդհանուր ծախսը նախորդ տարվա բոլոր ծրագրերի համար եղել է 113 մլրդ 699 միլիոն դրամ։ Բյուջետային կատարողականը հասել է ռեկորդային՝ 94.5%-ի, այսինքն` ծրագրային կատարողականը շատ բարձր է եղել: Մեր չափողականությունը չպետք է լինի միայն այն տեսանկյունից, թե քանի ավտոբուս է ավելացել կամ քանի բակ է կառուցվել։ Պետք է կարևորվի որակական կողմը»,– նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց` կաշխատեն, որ հաջորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս ավելի շատ կենտրոնացումը լինի որակական ցուցանիշների վրա։