Շվեյցարիայի Դաշնային ժողովի Վերին պալատը ԼՂ հայերի վերադարձին վերաբերող նախագիծ է ընդունել

Федеральный дворец, Берн
Երկու պալատների կողմից ընդունվելուց հետո նախագիծն արդեն ստանում է օրենքի ուժ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Շվեյցարիայի Դաշնային ժողովի Վերին պալատն արցախահայերի վերադարձին վերաբերող նախագիծ է ընդունել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։
«46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»,- հայտնում է Ստեփանյանը։
Նշենք, որ 2024 թ. դեկտեմբերի 17-ին նման որոշում էր ընդունել նաև Դաշնային ժողովի Ստորին պալատը։
Երկու պալատների հավանությամբ նախագիծն արդեն ստանում է օրենքի ուժ՝ պարտավորեցնելով Դաշնային խորհրդին սկսել դրա իրականացումը։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։