ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ամերիկացի լրագրող և RT-ի նախկին հաղորդավար Ռիկ Սանչեսը հայտարարել է, որ հեռուստաալիքում աշխատելու ընթացքում ավելի շատ ազատություն է ունեցել, քան CNN-ում, Fox News-ում կամ NBC-ում: Հայտնի լրագրողը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում պատմել է Բայդենի նախագահության շրջանում RT-ում իր աշխատանքի պայմանների, մասնագիտական գործունեության մեջ Լարի Քինգի դերի, ռուսների և ամերիկացիների նկատմամբ վերաբերմունքի և այլնի մասին:
Սանչեսի խոսքով՝ RT-ում ինքն է ընտրել աշխատակիցներին, սցենարներ է գրել, թեմաներ է ընտրել, պլանավորում է արել: Սանչեսի համոզմամբ, RT-ում արտադրվում է որակյալ, լայն ժողովրդականություն վայելող կոնտենտ:
«Ես պարզապես հիացած էի նման հնարավորությամբ։ Ամեն օր արթնանալով՝ գրեթե թռչկոտում էի ուրախությունից՝ մտածելով այն մասին, թե այսօր ինչ ենք քննարկելու, ինչպես ենք դա բացատրելու, ում հետ ենք խոսելու՝ չնայած բոլոր դժվարություններին, քանի որ շատերը հրաժարվում էին եթերում ինձ հյուրընկալվել՝ իբր՝ ո՛չ մի դեպքում RT չենք գա», - ասել է Սանչեսը։
Բայդենի վարչակազմի օրոք Սանչեսին հետևում էին Պետդեպիից։ RT-ի նկատմամբ ճնշումներն ու պատժամիջոցներն ի վերջո ստիպել են նրան դադարեցնել աշխատակցել ալիքին։ Լրագրողին ստիպել են խզել RT-ի հետ կապերը անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին, այն ժամանակ ԱՄՆ-ում բուռն ընթացքի մեջ էր նախագահական քարոզարշավը: Ինչպես պատմել է լրագրողը, մի անգամ իր ծանոթը, որը նախկինում աշխատել է CNN-ում, զանգահարել է իրեն և հայտնել, որ արդեն աշխատում է Պետդեպարտամենտում, որտեղ, նրա խոսքով, քննարկում են Սանչեսի շոուն։ Խոսում են, որ այն հանրաճանաչ է, բայց որոշ բաներ, որոնք ասում է RT-ի հաղորդավարը, նրանց դուր չեն գալիս:
«Եկա այն եզրակացության, որ ռուսներն ընդհանուր առմամբ աներևակայելի գործնական են, պրագմատիկ և, միևնույն ժամանակ, շատ ազնիվ։ Երբեմն, գիտեք, նույնիսկ ավելի ազնիվ, քան մենք: Նրանք ասում են այն, ինչ մտածում են, և դու անմիջապես հասկանում ես, թե ինչ են ուզում... Բոլոր ռուսները տարբեր են, ճիշտ այնպես, ինչպես ամերիկացիները: Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ շնորհիվ նրանց շփման ձևի՝ շատ հեշտ է աշխատել թե՛ նրանց հետ, թե՛ նրանց համար», - ընդգծել է հեռուստահաղորդավարը։
Սանչեսը նաև պատմել է, որ իրեն խորհուրդ է տվել RT-ում աշխատել լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ «Լարին ինձ ասաց. «Ոչ ոք չի հրահանգում, թե ինչ պետք է խոսել: Ոչ ոք չի ասում, թե ինչ անել, ումից հարցազրույց վերցնել»։ Նրանք լիովին ազատություն էին տվել իմ հաղորդմանը»:
Հեռուստահաղորդավարը շատ լավ կարծիք ունի ռուսների մասին՝ նրանց ամերիկացիներից ավելի ազնիվ համարելով։ Նա այս կարծիքին է եկել աշխատանքային փորձով։
Սանչեսի մասնագիտական պարտքն է համակողմանի լուսաբանել իրավիճակը։ Ուկրաինական հակամարտության դեպքում դա նշանակում է աշխարհին ցուցադրել ոչ միայն ուկրաինացիների, այլև ռուսների դիրքորոշումը, ինչը ԱՄՆ-ում փորձում են արգելել բոլոր միջոցներով։