ՌԴ-ն խորին ափսոսանքով է ընդունել Գազայի հատվածում ռազմական գործողության վերսկսումը․ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Մոսկվան կոչ է անում իսրայելական և պաղեստինյան կողմերին վերադառնալ փոխընդունելի փոխզիջումային լուծման մշակմանն ուղղված բանակցային գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Մոսկվան խորին ափսոսանքով է ընդունել Գազայի հատվածում ռազմական գործողության վերսկսումը, վճռականորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է խաղաղ քաղաքացիների մահվան և սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացման, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ մարտի լույս 18-ի գիշերը իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին. ըստ Գազայի բժշկական ծառայությունների հայտարարության՝ զոհվել է ավելի քան 300 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են:
«Մոսկվայում խորը ափսոսանքով են ընդունել Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողության վերսկսումը։ Փորձը ցույց է տալիս, որ ուժային մեթոդներով հնարավոր չէ կարգավորել պատանդներին ազատ արձակելու հարցը։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է խաղաղ քաղաքացիների մահվան և սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացման», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մոսկվան կոչ է անում իսրայելական և պաղեստինյան կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին, որն ուղղված է պահվող անձանց խնդրի փոխընդունելի փոխզիջումային լուծման մշակմանը, ինչը թույլ կտա ապահովել Գազայի հատվածում իրավիճակի կայուն կարգավորումը և սկսել պաղեստինյան անկլավի լայնածավալ վերականգնումը, ընդգծել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու՝ միջնորդների փորձերի պատճառով: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայում աղազերծման կայանին և փակել անկլավ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: