ՊՆ-ն հերքել է Գյումրիի նախընտրական քարոզարշավին զինվորականներ ներգրավելու մասին լուրերը

Գյումրի
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ զինվորականներին հանձնարարել են ակտիվորեն քվեարկել Գյումրու քաղաքապետի իշխանամետ թեկնածուի օգտին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, թե Գյումրիում զինվորականներ են ներգրավվելու նախընտրական մրցավազքում:
Ավելի վաղ «Հրապարակը» հայտնել էր, որ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն օրերս հանդիպել է բարձրաստիճան սպաների հետ, նրանց «հրահանգել», որպեսզի զինծառայողները ընտրություններում քվեարկեն իշխանամետ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին:
Գերատեսչությունից ի պատասխան հայտարարել են, որ ՊՆ պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում հրամանատարական կազմի հետ հանդիպումներ են անցկացնում այս կամ այն ստորաբաժանումներում կամ կայազորներում, սակայն այդ քննարկումները որևէ քաղաքական ուղղվածություն և ենթատեքստ չունեն, դրանք տեղավորվում են բացառապես բանակի օրակարգում:
Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: