Իսրայելը միջնորդներին հայտնել է, որ հրաժարվում է հրադադարից. ԶԼՄ

Իսրայելցի զինվորականներ
Այս գիշեր Իսրայելի բանակը վերսկսել է հարձակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցությունների միջնորդներին հայտնել է, որ այս պահին հրաժարվում է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմից։ Տեղեկությունը հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով եգիպտական աղբյուրներին։
Լիբանանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության անդամ Բասամ Հալյաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մտադիր չէ Գազայի հատվածի շուրջ բանակցություններում փոխզիջման գնալ Իսրայելի հետ, քանի որ, նրա խոսքով, Իսրայելը խախտել է ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների պայմանները:
Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։
Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելի բանակը վերսկսել է հարձակումները, քանի որ, ըստ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի, ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական վերջին հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 326-ի: