Հայկական նոր սարքը կօգնի բժիշկներին գտնել հիվանդի ձեռքի երակները

Ռուբեն Գյոնջյանը
Ռուբեն Գյոնջյանը
Սարքը կարող է օգնել մասնավորապես մանկաբույժներին։ Գերմանական կլինիկաները արդեն հետաքրքրված են դրանով։ Բացի այդ, գնային առումով սարքն ավելի մրցունակ է անգամ չինական համարժեքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանում նախագծված նոր սարքը կօգնի բժիշկներին տեսնել հիվանդի ձեռքի վրա չերևացող երակները։ Այս մասին Sputnik Արմենիային մանրամասներ ներկայացրեց նախագծի հեղինակ, ճարտարագետ Ռուբեն Գյոնջյանը։
Սա հատկապես կարևոր է երեխաների դեպքում. նրանց երակները շատ թույլ են նշմարվում անգամ ձեռքն աշխատացնելուց հետո, ուստի փոքրիկներին և դեռահասներին հատկապես դժվար է ներարկում անել կամ կաթուցիկ միացնել։
«Տարեցների մոտ երակները, ընդհակառակը, ավելի լավ են երևում, քանի որ նրանց մաշկային հյուսվածքն ավելի չոր է։ Բայց երեխաների բուժման ժամանակ սա էական խնդիր է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյոնջյանը։
Նոր սարքը թույլ է տալիս ինֆրակարմիր լույսի միջոցով տեսնել արյունատար անոթների ցանցը իրական ժամանակում։
«Մեր տեղադրած ինֆրակարմիր խցիկը պատկեր է տալիս մաշկից 4-5 մմ խորությամբ, ինչը լիովին բավարար է հիմնական անոթները տեսնելու համար։ Ավելացրել ենք նաև ԱԲ համակարգ, որը երակները տարբերում է այլ հյուսվածքներից և միայն դրանք է ֆիքսում պատկերի վրա», – նշեց Գյոնջյանը։
Ստացված պատկերը հնարավոր է տեսնել թե՛ բժշկական սարքի էկրանին, թե՛ հենց ձեռքի վրա։
Եվրոպական շուկայում ներկայանալու համար, նոր սարքը փորձարկումներ է անցնում։ Խնդիրն այն է, որ, մասնավորապես, գերմանական օրենսդրությամբ, բժշկական սարքերը չեն կարող սերտիֆիկացվել, քանի դեռ չեն փորձարկվել մարդկանց վրա, սակայն հենց այդ փորձարկումները Գերմանիայում արգելված են, այսինքն` փորձարկումը պետք է անել այլ երկրներում։
«Գերմանական խոշոր բժշկական կենտրոնները հետաքրրքված են, որովհետև մեր սարքի գինն ավելի ցածր է, քան անգամ չինական համարժեքներիը», – հավելեց Գյոնջյանը։
Փորձարկումները նախատեսովւմ է ավարտել մոտակա ամիսներին, որից հետո, սերտիֆիկացումը ստանալու դեպքում, կսկսվի վաճառքները։ Նախատեսվում է նաև ավելի մանրամասն ուսումնասիրել ՀՀ սերտիֆիկացման պահանջները` հայրենական շուկայում ևս ներկայանալու համար։