ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հանդիպումները միշտ ընթանում են թեժ ու անզիջում պայքարում, այնպես որ խաղի հաշիվը կանխատեսել անհնար է։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Վրաստանի հավաքականը գուցե ավելի շատ փորձ ունի, Եվրոպայի առաջնության է մասնակցել, բայց դա ամենևին կապ չունի, քանի որ նման խաղերը տեղի են ունենում հավասար պայմաններում։ Այնպես որ կապ չունի, թե ինչ վիճակում կհայտնվի թիմերից յուրաքանչյուրը։ Սա Անդրկովկասյան դերբի է, ու կանխատեսել հաշիվը հնարավոր չէ», - ասաց Մինասյանը։
Խոսելով Հայաստանում և Վրաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին՝ նա նշեց, որ մեր նման փոքր երկրների համար կարևոր է ապահովել խաղացողների սերունդների շարունակականությունը:
«Սա պետք է արվի այն երևույթից խուսափելու համար, երբ 7-8 տարի խաղում է մի սերունդ, իսկ հետո սպասում ենք ևս 10 տարի, մինչև նոր սերունդը մեծանա։ Մենք պետք է այնպես անենք, որ ֆուտբոլիստների նոր սերունդն անընդհատ պատրաստ լինի հավաքականում խաղալու համար»,– հավելեց Մինասյանը։
Ինչ վերաբերում է Վրաստանում ֆուտբոլի վիճակին, ապա հայ մարզիչի կարծիքով՝ այնտեղ մեծ ուշադրություն են դարձնում ենթակառուցվածքներին, օրինակ` մարզադաշտերին, ու ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև ամբողջ երկրում։ Երկրորդ դրական կետը մեր հարևան երկրում, ըստ Մինասկյանի, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Իսկ երրորդը` լավ մենեջմենթը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի հանդիպումները տեղի կունենան մարտի 20-ին Երևանում և մարտի 23-ին՝ Թբիլիսիում: