Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՊՆ
ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 16–ից օրական մի քանի անգամ նմանօրինակ հաղորդագրություններ է տարածում, որոնք բոլորը հերքվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից։
Հիշեցնենք, որ ընդամենը 5 օր առաջ` մարտի 13-ին, հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։