Սա Սփյուռքի և հայ լոբբիստների աշխատանքի արդյունքն է. Sputnik Արմենիային ասել է Ամերիկյան հետազոտությունների հայկական գրասենյակի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի վերջին հայտարարությունն ու դրան ՀՀ ԱԺ նախագահի կոշտ արձագանքը։
«Հայտարարությանը պետք է հստակ քայլեր հետևեն, ինչ–որ մեխանիզմներ գործի դրվեն, որպեսզի Ալիևը գնա ինչ–որ զիջումների։ Ես չեմ կարծում, որ գործուն քայլեր կլինեն, գոնե այս փուլում»,– ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք` Մայքլ Ուոլցը X-ում հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես հայտնել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»,– գրել էր Թարմփի խորհրդականը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյայի այդ հայտարարությունը, հույս էր հայտնել, որ դրան կհետևեն հստակ քայլեր, և դա չի լինի հերթական հայտարարությունը հայտարարության համար։
Հարցին, թե «հստակ քայլ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, Ալեն Սիմոնյանը արձագանքել էր. «Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ո՞նց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս՝ բոլորին անխտիր, անկախ նրանից, թե երբ են գերեվարվել»:
Սիմոնյանի կոշտ արձագանքը Սուրեն Սարգսյանը պայմանավորում է այն իրողությամբ, որ «հավաքական Արևմուտք» այլևս չկա։