ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Անկարան առաջիկա օրերին ռազմական պատվիրակություն կուղարկի Սիրիա՝ քննարկելու սիրիական բանակի պատրաստության հարցը, արաբական հանրապետությունում ռազմական խորհրդատու կարող է նշանակվել թուրք սպա։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Առաջիկա օրերին ռազմական պատվիրակությունը երկրորդ անգամ կմեկնի Սիրիա: Նախարարների այցի ժամանակ (ԱԳՆ, ՊՆ և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարներից կազմված թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը մարտի 13-ին այցելեց Դամասկոս - խմբ.) պատվիրակության կազմում էր Թուրքիայի ՊՆ պաշտպանության և անվտանգության հարցերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Իլքայ Ալթընդաղը։
«Սիրիայի հետ ռազմական համագործակցության շրջանակում մենք ներդրում կկատարենք սիրիական բանակի վերակառուցման գործում և ժամանակակից պաշտպանական արդյունաբերության արտադրանք կտրամադրենք սիրիական բանակի ներուժն ուժեղացնելու համար», – գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:
Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Նախագահ Բաշար Ասադը հրաժարական է հվել ու մեկնել Ռուսաստան։