ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի միասնական համակարգով 2.5 ամսում ավելի քան 17.7 մլն տոմս է ձեռք բերվել, որի հասույթը գերազանցել է 2 մլրդ դրամը։ Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Հունվար–փետրվար ամիսներին և մարտի առաջին տասնօրյակում տոմսային համակարգի շահագործման արդյունքում գեներացված տվյալների հիման վրա ստեղծված է որոշակի հաշվետվություն։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 17 մլն 743 հազար 372 հատ միասնական տոմս, որից 213 հազար 021–ը փաթեթային տոմսերն են։ Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։
Միասնական տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ցուցանիշների համաձայն՝ մարտի 3-16-ն ընկած ժամանակահատվածում 4 մլն 640 181 տոմս է վավերացվել։ Դրանցից տրոլեյբուսներում վավերացվել է 157 192 հատ, մետրոպոլիտենում` 1 մլն 7 հազար 615, իսկ ավտոբուսներում` 3 մլն 475 հազար 374 տոմս։ Ամենապահանջվածը 10 ուղևորության տոմսն է` 105 635 հատ, հաջորդիվ 30 օրվա տոմսն է, այնուհետև՝ 180 րոպե տևողությամբ տոմսերը։
Միասնական համակարգի միջոցով QR կոդերով վավերացվել է 14 մլն 811 հազար 893 հատ տոմս, ձեռք է բերվել 1 մլն 701 հազար 908 տրանսպորտային քարտ, իսկ բանկային քարտով կատարվել է 3 մլն 102 հազար 227 հատ գործարք։