ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թեհրանը դեռ մտադիր չէ բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքի վերաբերյալ ավելի վաղ իրեն ուղարկված նամակի մանրամասները։ Նամակի բովանդակության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները ենթադրություններ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նախորդ շաբաթ իրանական SNN գործակալությունը հայտնել էր, որ ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը, պաշտոնական այցով լինելով Թեհրանում, հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել նրան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը։
«Մենք դեռ մտադիր չենք լրատվամիջոցներին բացահայտել այդ ուղերձի բովանդակությունը... ԶԼՄ-ներում հայտնվածը ենթադրություններ են», – SNN-ը մեջբերում է Բաղայիի խոսքերը։
Նրա խոսքով՝ Թրամփի նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում նրա հրապարակային հայտարարություններից։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և հայտարարել, որ կնախընտրեր համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի վերաբերյալ, քան լուծել խնդիրը ռազմական ճանապարհով:
Մարտի 8-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը չի բանակցի այն պետությունների հետ, որոնք մտածում են միայն սեփական շահերի մասին։