Պետք է ավարտել խաղաղության պայմանագիրը, ազատ արձակել բանտարկյալներին. Թրամփի խորհրդական

Մայքլ Ուոլց
Մայքլ Ուոլց
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցն այդ մասին խոսել է Ալիևի խորհրդական Հաջիևի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, X-ում գրել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։
Նա նշել է, որ օրեր առաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։